14 июня 2012 г.

Սայաթ-Նովա 300

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է 1712թ. հունիսի 14-ին Թիֆլիսում,այստեղ էլ  անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»), սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։Սայաթ-Նովայի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։

Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ և կամ Սայադենց – Սայադյանց: Նովա հավելվածով մենք ուրիշ աշուղներ էլ ունենք` Քիչիք-Նովա (փոքրիկ թոռ), Քեշիշ-Նովա (տերտերի թոռ), Սկանդար-Նովա (Ալեքսանդրի թոռ): Բանաստեղծի կրտսեր որդին` Օհանը Ս. Պետերբուրգում կրում էր Իվան Սեյադով անունը, իսկ ավագ որդու` Մելիքսեթի ժառանգները կրում էին իրենց տոհմական Սայադյան ազգանունը:

Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը` հավլաբարցի (Հավլաբարն այն ժամանակներում Թի‎ֆլիսի մի արվարձանն էր): Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից (ձեռ. 4270) իմանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա:
Ամուսնացած է եղել լոռեցի` Մարմար անունով կնոջ հետ, որը Իգիհաթ գյուղի գյուղացի Շահվերդու աղջիկն է եղել:
Սայաթ-Նովան ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Մելիքսեթի ժառանգը` տեր Մովսես Սայադյանը, Խ. Աբովյանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մեկը` Պ. Պռոշյանի կինը (պահպանվել է հարսանեկան լուսանկարը):

Ծառայել է Հերակլ Երկրորդի արքունիքում երգիչ` միաժամանակ զբաղեցնելով պալատական զվարճախոսի պաշտոնը: Նրա դեմ նյութված դավերի արդյունքում դուրս է հանվում պալատից,իսկ կնոջ մահվանից հետո Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարփել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ 

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ (66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝ ադրբեջաներեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը), որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։
Սայաթ-Նովայի հայտնի ամենավաղ թվակիր խաղը («Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան...») վերաբերում է 1742-ին։ Պահպանվածների մեջ, հավանաբար, կան և ավելի վաղ հորինվածներ։ Ծանոթ վերջին խաղը («Աշխարըս մե փանջարա է...») թվագրված է «ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին». այսինքն՝ 1759-ի ապրիլին։

Հովհաննես Թումանյանի և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ջանքերով 1913 թ-ին տոնվել է աշուղի ծննդյան 200-ամյակը, 1914 թ-ին հրատարակվել է հայերեն խաղերի ամբողջական՝ «Սայաթ-Նովա» ժողովածուն, Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ 1914 թ-ի մայիսի 15-ին Թիֆլիսի Սբ Գևորգ եկեղեցու բակում բացվել է Սայաթ-Նովայի հուշաքարը, սահմանվել է սայաթնովյան Վարդատոնը (նշվում է մայիսի վերջին կիրակի օրը):
Սայաթ-Նովայի երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, նրա մասին գրվել են գրական, երաժշտական ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, կերպարին անդրադարձել են թատրոնում, կինոյում և կերպարվեստում: 
Սայաթ-Նովայի անունով ՀՀ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, երաժշտական խմբեր, Արարատի մարզում՝ գյուղ:
Երևանում կանգնեցվել են «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը (1963 թ.) և կիսանդրին (2009 թ.):
1963 թ-ին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը: 1976 թ-ին նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:



1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Հավանել